Առնվազն ինը մարդ, նրանց թվում՝ մի աղջիկ, զոհվել են, 2750-ը՝ վիրավորվել՝ Լիբանանում «Հըզբոլլահ»-ի անդամների օգտագործած փեյջերների համաժամանակյա պայթյունների հետևանքով, հայտնում է Al Jazeera-ն:

Զոհվածների թվում է Լիբանանի խորհրդարանի «Հըզբոլլահ» դաշինքի անդամի որդին։ Երկու այլ բարձրաստիճան պաշտոնյաների որդիները վիրավորվել են, հայտնել է շարժման ներկայացուցիչը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից տուժել է նաև Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին։ «Հըզբոլլահ»-ն ու Իրանը կատարվածի համար մեղադրել են Իսրայելին։ Պաշտոնական Թեհրանի և «Հըզբոլլահ» շարժման կարծիքով՝ շարժման անդամների օգտագործած կապի սարքերի պայթեցումն առաջացել է իսրայելական կիբերհարձակման հետևանքով։