Wildberries-ի համահիմնադիր Տատյանա Բակալչուկի ամուսինը՝ Վլադիսլավ Բակալչուկը, թիկնապահների հետ փորձել է մտնել ընկերության օֆիս Մոսկվայի «Ռոմանով Դվոր» բիզնես-կենտրոնում։ Այս մասին РБК-ին տեղեկացրել են մարքետփլեյսի մամուլի ծառայությունում։
Wildberries-ում սա անվանել են «անօրինական ներթափանցման փորձ»։
«Իրավապահ մարմինները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ, իրավիճակը կայուն է»,- հայտնել են ընկերությունում։
Wildberries-ի հաղորդումից առաջ Mash թելեգրամ-ալիքը գրել էր, որ մարքետփլեյսի գլխավոր օֆիսին են մոտեցել անհայտ անձինք եւ «սկսել կրակել»։ Ալիքի տեղեկացմամբ՝ երեք տղամարդ հրազենային վիրավորումներ են ստացել։
«Նախնական տվյալներով՝ տղամարդկանց խումբը փորձել է մտնել օֆիս, նրանց չեն թողել։ Դրանից հետո քաշքշուկ է սկսվել»,- գրել է Mash-ը։
Շուտով հրաձգության մասին տեղեկացրել է «Осторожно, Москва» թելեգրամ-ալիքը։
Բակալչուկն իր հերթին հայտնել է, որ օֆիսում պետք է տեղի ունենար բանակցությունների նոր փուլը ընկերության նոր պահեստների շինարարության ֆինանսավորման վերաբերյալ։ «Ես եկա ընկերության օֆիս գործընկերներիս հետ, բայց արդեն մուտքի մոտ գրոհի ենթարկվեցի պահապանների ծառայության եւ ինձ անհայտ մարդկանց կողմից, որոնք էլ զինված վեճ հրահրեցին։ Ինչ-որ պահի կրակոցներ հնչեցին, վիրավորվեց իմ գործընկերներից մեկը»,- պատմել է Բակալչուկը։
Նա հնարավոր է համարել, որ հարձակվողների նպատակը կարող էր ինքը լինել։
Տեղի ունեցածը մեկնաբանել է նաեւ Տատյանա Բակալչուկը։ Նրա խոսքով՝ մարդկանց խումբը Վլադիսլավ Բակալչուկի, ընկերության համահիմնադիր Սերգեյ Անուֆրիեւի եւ տնօրենների խորհրդի նախկին նախագահ Վլադիմիր Բակինի գլխավորությամբ «փորձել է զավթել Մոսկվայում Wildberries-ի օֆիսը»։ Երեք մարդ վիրավորվել է, տեղեկացրել է Տատյանա Բակալչուկը՝ չնշելով, թե ինչպես են նրանք վիրավորվել։ «Իբր բանակցությունների մասին հայտարարությունը, որոնց համար եկել էր զինված խումբը, անհեթեթ է հնչում, քանի որ ոչ ոք ոչ մի բանակցության շուրջ պայմանավորված չէր։ Ես հրապարակայնորեն դիմում եմ իրավապահ մարմիններին՝ վերահսկողության տակ վերցնելու այս իրավիճակը։ Մենք գաղտնիքներ չունենք։ Ուստի խնդրում եմ հանրային դարձնել հետաքննության արդյունքները այն մարդկանց գործողությունների դրդապատճառների մասին, ովքեր կազմակերպել են այս անկարգությունը։ Այ սա հիմա շուրջկալ-զավթում էր։ Ավելի ճիշտ՝ դրա անհաջող փորձ»,- հայտնել է Տատյանա Բակալչուկը։





























