Աշխարհի խոշորագույն Facebook սոցցանցը գնել է գեոլոկացիոն Gowalla ծառայությունը: Այս մասին տեղեկացնում է Gowalla-ին մոտ կանգնած աղբյուրը, բայց Facebook-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել հնարավոր գնման մասին տեղեկատվությունը, տեղեկացնում է CNN-ը: Գործարքի գինը չի ճշտվում:
2009թ. հիմնադրված Gowalla բջջային ծառայությունը օգտագործողներին թույլ է տալիս Android, iOS, WebOS եւ BlackBerry OS համակարգերի, ինչպես նաեւ բջջային հատուկ m.gowalla.com կայքի միջոցով նշել տեղանքը:
2011թ. մայիսի տվյալներով` տվյալ ծառայությունից օգտվողների թիվը հասնում է 1,5 միլիոնի:
Աղբյուրի տվյալներով` Gowalla-ի աշխատակիցների մեծամասնությունը, այդ թվում` ծառայության հիմնադիր Ջոշուա Ուիլյամսը, կտեղափոխվեն Պալո-Ալտոյում գտնվող Facebook-ի գլխավոր գրասենյակ: Նրանք կսկսեն աշխատել օգտվողների նոր Timeline պրոֆիլների բարելավման վրա, որը ներկայացվել էր ընթացիկ տարվա սեպտեմբերին եւ աստիճանաբար հասանելի է դառնում սոցցանցի բոլոր այցելուներին:
CNN-ի աղբյուրի խոսքով` առայժմ հայտնի չէ, թե արդյոք Gowalla-ի ծրագրերը որպես առանձին արտադրանք կպահպանվեն, թե ոչ: Սակայն Facebook-ը, նոր սթարթ-ափ գնելով, որպես կանոն դրանք ներկայացնում է որպես սեփական նորարարություն:
Facebook-ից օգտվողների թիվը ներկայումս գերազանցում է 800 միլիոնը: Օգոստոսին Facebook-ի կորպորատիվ զարգացման գծով տնօրեն Վոգան Սմիթը հայտարարել է, որ 2011թ. սոցցանցը մտադիր է ձեռք բերել ավելի քան 20 ընկերություն` 2 անգամ ավելի շատ, քան նախորդ տարի:




























