Կենտրոնական Եվրոպան վերջին առնվազն երկու տասնամյակի ընթացքում զգացել է իր ամենաավերիչ ջրհեղեղը՝ «Բորիս» փոթորկին հաջորդած հորդառատ անձրևների հետևանքով, որոնք Ռումինիայից մինչև Լեհաստան ավերածությունների են հանգեցրել, հայտնել է Euronews-ը։

Լեհաստանում, Հունգարիայում, Ռումինիայում և Ավստրիայում երեքշաբթի զոհերի թիվը հասել է առնվազն 21-ի, մի քանի տասնյակ մարդիկ անհայտ կորած են համարվում:

Տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են նաև Կենտրոնական Եվրոպայում, նրանց թվում՝ 15 հազարը՝ Չեխիայի և Լեհաստանի սահմանին: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երկրի առավել տուժած հարավային շրջաններում բնական աղետների ռեժիմ է հայտարարել։

Երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ջրհեղեղից տուժած շրջաններ  14 հազար զինվոր է ուղարկվել: Վրոցլավ քաղաքի բնակիչներն ամրացնում են գետերի ափերը, որոնց ջրի մակարդակը հինգշաբթի կհասնի առավելագույնի։

Առաջիկա օրերին հորդառատ անձրևներ են սպասվում ամբողջ Իտալիայի տարածքում, Էմիլիա-Ռոմանիա և Լացիո շրջաններում «դեղին տագնապի» մակարդակ է սահմանվել: Աբրուցո նահանգի Պեսկարա քաղաքի հրշեջները հայտնում են, որ ջրհեղեղի պատճառով արդեն հարյուրավոր օգնության ահազանգեր են ստացել:

Լեհաստանի կլիմայի փոխնախարար Ուրսուլա Սառա Զիելինսկան աղետի համար մեղադրել է կլիմայի փոփոխությանը։ Նա BBC-ին պատմել է, որ 1997-ի սաստիկ ջրհեղեղից հետո հայտարվել  էր, որ նման մասշտաբի աղետներ տեղի են ունենում միայն «հազար տարին մեկ անգամ»: Հիմա դրանք տեղի են ունենում ընդամենը 26 տարի անց։