12-ամյա տղան կրակել և սպանել է վիրավոր սև արջին, երբ նա ծվատում էր հորը արևմտյան Վիսկոնսինի խիտ անտառներում գտնվող որսորդական տնակի մոտ: 43-ամյա Ռայան Բայերմանը Minnesota Star Tribune-ին պատմել է, որ սեպտեմբերի 6-ին իր որդին՝ Օուենը որսորդական հրացանից կրակել է իրեն ճզմած 200 ֆունտ (90 կիլոգրամ) կշռող արջին:

«Օուենը հերոս էր: Տղաս կրակեց և սպանեց ինձ վրա ընկած արջին»,- պատմել է արջի կծածներից ճակատին, ձեռքին և ոտքին վնասվածքներ ստացած Բայերմանը: Նրան միաժամանակ ստիպված են եղել կարեր դնել՝ հարձակման ժամանակ այտից պոկված մաշկը վերականգնելու համար:

Ավելի վաղ հայր ու որդի արջին նկատել էին Վիսկոնսին նահանգի Սիրենի մոտ գտնվող ծառերի արանքից՝ Մինեապոլիսից մոտ 144,8 կիլոմետր հյուսիս-արևելք: Օուենը կրակել է՝ վիրավորելով արջին, որն այնուհետ փախել է։ Հայրն ու որդին սպասել են մոտ 20 րոպե, մինչ դուրս են եկել արջին փնտրելու և փորձել են գտնել նրան հարևան խուզարկու շան օգնությամբ:

Արջը հոր վրա հարձակվել է մոտ 2 մետր հեռավորությունից։ Բայերմանը պատմել է, որ իր ատրճանակից ութ կրակոց է արձակել կենդանու ուղղությամբ, սակայն վրիպել է: Դրանից հետո արջը նորից հարձակվել է նրա վրա, իսկ որդին արդեն կրակել էր գազանին։

Այնուհետև Բայերմանին հաջողվել է արջին հեռացնել իրենից: Նրա գնահատմամբ՝ հարձակումը տևել է մոտ 45 վայրկյան։ Հարևանը Բայերմանին և Օուենին տեղափոխել է հիվանդանոց։

Նրա այտի վերքը 23 կար է պահանջել։ Բայերմանի աջ ձեռքին յոթ ծակած ու կտրած վերք ուներ։