Նիկոլ Փաշինյանին պետք է Խաղաղության պայմանագիրը, որ եթե ատահերթ ընտրություններ լինեն, դա վաճառի հասարակությանը, զուգահեռ արտաքին քաղաքական օրակարգում կարողանա խոսել այսպես կոչված Խաղաղության պայմանագրի մասին, որն իրականում կապիտուլյացիոն պայմանագիր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը՝ խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման հնարավորության մասին:

«Ադրբեջանն անդադար պահանջների նշաձողը բարձրացնելու է, մեծ հաշվով Ադրբեջանին խաղաղության պայմանագիրը պետք էլ չի: Եթե մենք Ադրբեջանի ռազմատեխնիկական գնումների ծավալը նրանց տեսական, տիպաին եւ քանակական առումով, ապա Ադրբեջանը պատրաստվում է մեծ պատերազմի: ՀՀ-ն հրաժարվում է իր համար այնպիսի շահեկան գործարքներից, որոնք էականորեն կավելացնեն օրինակ ԱԹՍ-ների հետ կապված այն դեֆիցիտը, որն ունի Հայաստանը: Մի երկու պոպուլիստական գործարք մեծ հաշվով Հայաստանին ոչ մի բան չեն տալու, եթե մենք դիտարկենք շփման գծում ինչպիսի հարաբերակցություն է զորքի, զինծառայության անցկացման կարգի, ձեւի, քանակի առումով»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ պատերազմ է քաղաքագետը կանխատեսում՝ տարածաշրջանային, թե ՀՀ-Ադրբեջան, նա ասաց, որ Ադրբեջանը լոկալ պատերազմի զենք, զինամթերք չի գնում:

«Արցախի խնդրի կարգավիճակի փոփոխությունը եւ օրակարգց դուրս գալը գոնե այս փուլում,  այլ վիճակ է ստեղծել Ռուսաստան, Թուրքիա, Իրան հարաբերությունների մասով, ԱՄՆ, ԵՄ հարաբերությունների մասով, էականորեն ավելացել է Ադրբեջանի դերակատարումը, շատ կարեւոր նոր օրակարգ է ստեղծվել՝ Վրաստանի ապագայի հարցը եւ այլն: Այս պայմաններում ցանկացած սցենար կարող է իրողություն դառնալ: Ցանկացած լոկալ, փոքր, սահմանային միջադեպ կարող է վերածվել մեծ պատերազմի»,- ասաց նա: