Երեւանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր` նոյեմբերի 3-ին, երեկոյան ժամը 23:30-ին մեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ-2011» երաժշտական մրցույթի բացման արարողությունը: Մրցույթին կմասնակցեն 13 երկրների ներկայուցուցիչներ` 10-15 տարեկան:

Կազմակերպիչների խոսքով, երաժշտական մրցույթը կանցկացվի եվրոպական որակի բեմում: Հայկական մշակույթի տարրերը Եվրոպային կներկայացվեն ոչ միայն բեմի դիզայնով, այլ նաեւ ողջ շոուի ընթացքում: Հանդիսատեսին հնարավորություն կտրվի ծանոթանալ եւ գնահատել հայկական երգ-երաժշտությունը, ինչպես նաեւ հայերի հյուրասիրությունը ողջ համերգի ընթացքում:

Մրցույթի մասնակիցների ելույթների հնչունային ապահովումը կիրականացվի շվեդական HD տեխնոլոգիայով:

Նշենք, որ երեկ կայացել է եզրափակիչ համերգի գլխավոր փորձը: Առաջինը բեմ կբարձրանա Ռուսաստանի ներկայացուցիչ Կատյա Ռյաբովան: Հայաստանը ներկայացնող Դալիթան ելույթ է ունեցել 4-րդը:

Մրցույթի գլխավոր փորձի ժամանակ քվեարկություն է անցկացվել, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Շվեդիան ներկայացնող մասնակից Էրիկ Ռապպին:

Ելույթների հերթականությունն այսպիսին է. Ռուսաստան, Լատվիա, Մոլդովա, Հայաստան, Բուլղարիա, Լիտվա, Ուկրաինա, Մակեդոնիա, Նիդերլանդներ, Բելառուս, Շվեդիա, Վրաստան, Բելգիա:

Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» ներկայացնում է 2007-ից: Առաջին անգամ Հայաստանն այս մրցույթում ներկայացրել է «Արեւիկ» խումբն իր «Երազանք» երգով եւ զբաղեցրել 2-րդ տեղը:

2008-ին մրցույթում Հայաստանը ներկայացրել է Մոնիկա Մանուչարովան` «Իմ հոգու հնչյունը» երգով եւ զբաղեցրել 8-րդ հորիզոնականը: 2009-ին Լաուրա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով գրավել է 2-րդ տեղը, իսկ 2010-ին, Հայաստանին հաղթանակ է բերել Վլադիմիր Արզումանյանը` «Մամա» երգով: