Արցախցիների մի մասը չի հասցրել դիմել 40+10 կեցության և բնակարանային ծրագրերին, այդ պատճառով էլ չեն կարող օգտվել դրանցից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը՝ անդրադառնալով օրեր առաջ տեղի ունեցած բողոքի ակցիային։
«Այն մարդիկ, ովքեր ունեցել են բնակարանային ծրագրի հավաստագիր, նրանք չէին կարող օգտվել ծրագրից։ Ինչ վերաբերվում է ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնողներին՝ նրանք չեն հասցրել դիմել ծրագրերին, այդ պատճառով էլ չեն օգտվել և՛ բնակարանային ծրագրից, և՛ 40+10-ից»,-նշեց Զառա Մանուչարյանը։
Նա նաև հավելեց, որ այժմ մշակվում են նոր ծրագրեր, իսկ դրանք արդեն կգործեն միայն ՀՀ կառավարության հավանության դեպքում։
Հիշեցնենք, որ 2024թ․ սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժանանակ արցախցիները պահանջում էին պատասխան՝ ինչու են իրենք հայտնվել 2022 թ․ շահառուների ցուցակում, մինչդեռ իրենք բռնատեղահանվել էին 2023 թ․-ի սեպտեմբերին։



























