Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Կասպից ծովի անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիրը վավերացնելու մասին օրենք է ստորագրել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Փաստաթուղթը մասնակից երկրներին հնարավորություն է տալիս համագործակցելու ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, մաքսանենգության, մարդկանց առեւտրի եւ ապօրինի միգրացիայի դեմ պայքարի ոլորտներում: Այն ստորագրել են Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Ղազախստանը եւ Թուրքմենիան:
Բացի այդ, կողմերը մտադիր են համգործակցել զենքի եւ ռազմական տեխնիկայի, պայթուցիկ եւ թունավոր նյութերի, թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ հանցավոր ճանապարհով ստացված փողերի լվացման դեմ պայքարի ոլորտներում: Այն նաեւ փոխգործակցություն է նախատեսում ծովագնացության, նավագնացության, ծովահենության դեմ պայքարի բնագավառներում:
Համաձայնագրում Կասպից ծովի իրավական կարգավիճակը չի հստակեցվում, ինչի առնչությամբ առանձին բանակցություններ են տարվում:
Համաձայնագիրը հինգ երկրների առաջնորդները ստորագրել էին 2010թ. նոյեմբերի 18-ին` Բաքվում կայացած Կասպիական երրորդ գագաթաժողովի ընթացքում:




























