Մոսկվայի շրջանում Միջին Ասիայի բնակիչներ են ձերբակալվել, որոնց կասկածում են ահաբեկչության կազմակերպման նախապատրաստման մեջ:
Ինչպես տեղեկացնում են իրավապահները, Մոսկվայի տարածաշրջանում «Ուզբեկստանի իսլամական շարժում» միջազգային ահաբեկչական բջջի առկայության մասին տեղեկատվության ճշտման ընթացքում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Միջին Ասիայի չորս բնակիչների, ովքեր կարող էին հանցակից լինել ահաբեկչական գործողությունների նախապատրաստմանը, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մոսկվայի եւ Նոգինսկի շրջանի բնակարաններում բնակվող ձերբակալվածները փակ կյանքով են ապրել, խստորեն պահպանել են գաղտնիության կանոնները, հաճախ փոխել են հեռախոսահամարները: Ձերբակալությունից հետո պարզվել էր, որ օտարերկրացիները Ռուսաստանի տարածքում առանց անձը հաստատող փաստաթղթերի են գտնվում:
Օպերատիվ միջոցառումների անցկացման պահին բնակարաններից մեկում հետախուզական ծառայության շունը թմրանյութեր է գտել: Հայտնաբերվել են հերոինի փաթույթներ` 21.9 գրամ ընդհանուր կշռով: Քննության տվյալներով` միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամները զբաղվել են թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ` ծայրահեղական գործունեության ֆինանսվորումն ապահովելու նպատակով:




























