Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Զինված ուժերի ղեկավար կազմը, դեկտեմբերի 3-ին, Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ այցելել են Արցախյան ազատամարտի մասնակից հաշմանդամ ազատամարտիկների, ծանոթացել նրանց խնդիրներին, զրուցել նրանց հետ եւ հանձնել նվերներ:

Սեյրան Օհանյանն այցելել է առաջին խմբի զինհաշմանդամ Ապետ Աղաբաբյանի բնակարան: Ապետ Աղաբաբյանը ծանր վիրավորվել է 1993 թվականի փետրվարին` ԼՂՀ Մարտակերտի շրջանում, որից հետո անդամահատել են նրա ոտքը:

Մտերմիկ զրույցի ընթացքում Պաշտպանության նախարարը ծանոթացել է ազատամարտիկի անցած մարտական ուղուն, ինչպես նաեւ նրա սոցիալ-կենցաղային խնդիրներին: Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել Ապետ Աղաբաբյանին Արցախյան ազատամարտում ունեցած ավանդի համար եւ քաջալերել ազատամարտիկին ու նշել. «Մարդ պետք է հոգեպես առողջ լինի, ամենակարեւորն այն է, որ նա հոգեպես հաշմանդամ չլինի: Հենց այդ ոգին է, որ պատերազմի հետեւանքով ֆիզիկական խնդիրներ ունեցող մեր մարտական ընկերներին տոկուն է պահում»: