Ընտանիքի 3 անդամի մահվան պատճառ դարձած վթար գործով մեղադրյալը հուլիսի 26-ին` դեպքից 2 ժամ անց, հատել էր Հայաստան-Վրաստան պետական սահմանը, իսկ օգոստոսի 6-ին ժամանել Զվարթնոց օդանավակայան, կարողացել էր ազատ մուտք գործել ՀՀ և չձերբակալվել այն դեպքում, երբ հետախուզվում էր հուլիսի 30-ից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է վթարից զոհված ընտանիքի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը:

«Այն, որ հանրությունը մանրամասներ չգիտի հուլիսի 26֊ի ողբերգական վթարի վերաբերյալ քննվող քրեական վարույթից, դա բխել է նախաքննության շահերից։ Այնուամենայնիվ, հարկ է արձանագրել, որ նշված գործով իսկզբանե թույլ են տրվել խախտումներ, որոնց վերաբերյալ տեղեկացրել եմ գլխավոր դատախազին։ Քանի որ այժմ մեղադրյալը հայտնաբերված է, կարող եմ այդ խախտումներից մեկը հրապարակել այն մասին, թե ինչպես է նա հայտնվել Հայաստանում։ Մեղադրյալը հուլիսի 26-ին` դեպքից 2 ժամ անց, հատել էր Հայաստան-Վրաստան պետական սահմանը, իսկ օգոստոսի 6-ին ժամանել Զվարթնոց օդանավակայան, կարողացել էր ազատ մուտք գործել ՀՀ և չձերբակալվել այն դեպքում, երբ հետախուզվում էր հուլիսի 30-ից։ Այն հայտարարությունները, թե իբր իրավապահ համակարգի անգործության վերաբերյալ դժգոհություններն անհիմն էին, իրականությանը չի համապատասխանում։

Եվ վերջում, խորհուրդ եմ տալիս տվյալ գործի վերաբերյալ հրապարակումներ կատարելիս տուժող կողմի դիրքորոշումը ևս լսել, ոչ թե միակողմանի ներկայացնել այն, ինչ հարկ եք համարում»,- գրել է նա։

Նշենք, որ ՔԿ-ն հայտնել էր, որ վթարի գործով մեղադրյալը ձերբակալվել է, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվում դատարան: