Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւայի կողմնակիցները հանրահավաքի ընթացքում որոշել են դեկտեմբերի 10-ին նրա երդմնակալության արարողությունն անցկացնել: Այս մասին տեղեկացնում է Ջիոեւայի շտաբի նախագահ Միխայիլ Հանիկաեւը, որն այդ գործողությունը բնորոշել է որպես քաղաքական:
Նա հաղորդել է, որ միջոցառումը կանցկացվի քաղաքի հրապարակներից մեկում, եւ եթե մեկը փակեն, ժողովուրդը կգնա մյուս հրապարակ: Երդմնակալության արարողությանը կմասնակցեն Ջիոեւայի 17 հազար կողմնակիցները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, որ Հարավային Օսիայի Գերագույն դատարանը անվավեր է ճանաչել ընտրությունների արդյունքները, ըստ որոնց` Ալլա Ջիոեւան հաղթել էր: Դատարանի որոշմամբ` Ջիոեւան այլեւս չի կարող մասնակցել ընտրություններին: Երկրի խորհրդարանը նոր ընտրությունները նշանակել է 2012թ. մարտի 25-ին:
Ջիոեւան չի համաձայնել դատարանի վճռին, նա բողոք է ներկայացրել դատարան, իրեն հռչակել է ընտրված նախագահ եւ պահանջել է իշխանություններից ընդունել իր հաղթանակը: Ջիոեւայի համակիրները արդեն մի քանի օր է Ցխինվալիի հրապարակում հանրահավաքներ են անցկացնում, իսկ նա եւ նրա ներկայացուցիչները իշխանությունների հետ բանակցություններ են վարում, բայց առայժմ` ապարդյուն:




























