Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անդամներից ոչ մեկը ներկա չի եղել այն տեղում, որտեղ իսրայելական ուժերը հարված են հասցրել, Tasnim-ին տեղեկացրել են իրազեկ աղբյուրները։

Իսրայելցի զինվորականները երեկ ավիահարվածներ են հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին՝ հայտնելով, որ հարվածը «նպատակաուղղված» էր։

Մինչ այդ մի շարք ԶԼՄ-ներ, հղում կատարելով իսրայելական բանակին, հայտնել էին, որ իրանցի որոշ զինվորական խորհրդականներ գտնվել են այն շրջանում, որը դարձել է իսրայելական ուժերի հարվածի թիրախը Բեյրութի հարավում։

Պատասխանելով Tasnim-ի՝ այդ դեպքերին վերաբերող հարցին, իրազեկ աղբյուրներն ասել են, որ «լուրերը կեղծ են, եւ ԻՀՊԿ ոչ մի անդամ չի եղել այն տեղում, որը դարձել է սիոնիստական վարչակարգի հանցագործության թիրախ»։

Լիբանանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ ագրեսիայի հետեւանքով զոհվել է 12 մարդ, 66 հոգի վիրավորվել է։

Լիբանանի ազգային լրատվական գործակալության տվյալներով՝ զոհվածներից հինգը երեխաներ են։

Լիբանանի Al Mayadeen հեռուստաալիքը տեղեկացրել է, որ անօդաչուները մի քանի հրթիռներ են արձակել Բեյրութի հոծ բնակեցված Դահիա շրջանում։