Ղազախստանի հարավում, Թուրքեստանյան մարզում բանտարկյալները խռովություն են բարձրացրել իրավակարգի պահապանների դեմ։ Երկու զինծառայող եւ քրեակատարողական համակարգի վարչության մի աշխատակից վնասվածքներ են ստացել, տեղեկացրել է NUR.KZ-ը։ Ինչպես նշել է Orda.kz-ը, Լենգերում թիվ 5 հաստատության բանտարկյալները պլանային խուզարկության ժամանակ խռովություն են բարձրացրել եւ հրկիզել տարածքը։
Ինչպես տեղեկացնում է ԶԼՄ-ն՝ հղում կատարելով աղբյուրներին, քրեակատարողական համակարգի վարչության աշխատակիցները թմրանյութերի ստուգում էին իրականացնում։ Արդյունքում՝ մի քանի մարդու պատժախուց են նստեցրել։
«Դա առաջ է բերել բանտարկյալների դժգոհությունը, որը վերածվել է զանգվածային անհնազանդության (գուցե ստուգողները կոշտ միջոցներ են ձեռնարկել)»,- տեղեկացնում են աղբյուրները։ Խռովությանը մասնակցել է մոտ 400 բանտարկյալ։ Նրանք հրկիզել են էլեկտրական տրանսֆորմատորը։ Գաղութում ավելի քան 700 մարդ կա։
Ամբոխը ցրելու ժամանակ մի քանի մարդ վնասվածք է ստացել։ Տեղում այժմ գտնվում են դատախազը, ոստիկանապետն ու Թուրքեստանի մարզի քրեակատարողական համակարգի վարչության ղեկավարը։





























