Թրեւիս Քինգին, որն անցյալ տարի հատել էր ապառազմականացված գոտին եւ հայտնվել Հյուսիսային Կորեայում, ուրբաթ դատապարտել են բանտարկության ճիշտ այնքան ժամանակով, որքան նա արդեն անցկացրել է բանտում, տեղեկացրել է NBC News-ը։
Քինգը մեղավոր է ճանաչվել մեղադրանքի հինգ կետերով՝ դասալքություն, հարձակում ունտեր-սպայի վրա եւ երեք կետով հրամանին չենթարկվելու համար։
Ռազմական դատավորը նրան դատապարտել է 12 ամսվա բանտարկության դասալքության եւ մեկ ամսվա բանտարկության չորս մյուս կետերով։ Քինգը արդեն ծառայել է 338 օր։ Փաստաբանները նշել են, որ Քինգը Հյուսիսային Կորեայում անցկացրել է 63 օր՝ ի հավելումն ԱՄՆ-ում իր բանտարկության մեջ գտնվելու։ Քինգը նաեւ ազատ է արձակվել խայտառակությամբ, ինչին փորձում էր հասնել մեղադրական կողմը։ Քինգը եւ նրա դատապաշտպանները փորձում էին հասնել այն բանին, որ պաշտոնից հեռացումը համարվեր «վատ վարքի պատճառով»։
«Թրեւիսը հիմա ազատ է եւ կվերադառնա տուն»,- ասել է դատապաշտպան Ֆրենկ Ռոզենբլաթը։
2023թ. հուլիսի 18-ին երկրորդ դասի շարքային Թրեւիս Քինգը հատել էր ապառազմականացված գոտին, որը բաժանում է Հարավային եւ Հյուսիսային Կորեաները։ Հյուսիսային Կորեան Քինգին վերադարձրել է ԱՄՆ-ին նույն թվականի սեպտեմբերին, «շաբաթներ տեւած դիվանագիտական ջանքերից» հետո, հայտնել է Պենտագոնը։





























