Այսօր չափազանց անհրաժեշտություն է Արցախի ժողովրդի վերադարձի հարցը լուծելը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության օրը, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Այսինքն ստեղծել այնպիսի պայմաններ, որ եւ անվտանգության առումով եւ միջազգային բոլոր նորմերի պահպանմամբ արցախցիները հնարավորություն ունենան հետ վերադառնալու»,-ասաց նա:
Օհանյանը կարծում է, որ ըստ էության հակամարտությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ չի ավարտվել, խաղաղության նախապայմաններ էլ չկան, որովհետեւ Ադրբեջանի հռետորաբանությունն ու գործողություններն են այդ մասին խոսում:
«Իրենք հայ ժողովրդի հետ խոսում են նախապայմաններով, որովհետեւ մենք պարտվել ենք եւ պարտադրանքի տակ ենք գտնվում: Ադրբեջանի գործողություններով ադ հակամարտությունն ավելի է խորացել, իրենք լինելով ագրեսոր, հանցագործություններ են կատարել Արցախի նկատմամբ՝ չակերտավոր ասած հակաահաբեկչական գործողությունների անվան տակ հարձակվել են Արցախի վրա, շրջապատել, մասնատել եւ Արցախը հայաթափվել է : ցեղասպանական գործողություններ են կատարվել եւ Ադրբեջանը դրա համար պետք է պատասխան տա: Երկրորդը՝ անպայման արցախի սուբյեկտայնությունը պետք է պահպանվի: Արցախի ինստիտուտները, կառավարման ամբողջ համակարգը պետք է գործի Արցախի ժողովրդի վերադարձի պայքարելու համար: Այս ամենը հաշվի առնելով, կարծում եմ՝ միջազգային գործընթացները պետք է արագ ընթացք ստանան, բանակցությունները պետք է շարունակական լինեն»,-ասաց նա:
Օհանյանը նշում է, որ դժվար է այդ մասին խոսել եւ առաջ մղել, որովհետեւ ՀՀ իշխանությունները չեն աջակցում Արցախի իշխանություններին, ընդհակառակը՝ անտեսում են. «Իշխանությունները ցանկանում են՝ Արցախի էջը փակել, ինչ վատ է է եւ բարոյականությունից զուրկ է: Սակայն այս ամենը հաշվի առանելով, պետք է ռազմավարություն մշակել, որ արցախցիները վերադառնան իրենց պատմական տարածք, որտեղ հազարամյակներով ապրել են եւ այս իշխանությունների օրոք է, որ Արցախը հայաթափվել է, այն իշխանության, որի ազգային անվտանգության ռազմավարության 4.25 կետում, որտեղ նշված է, որ ՀՀ իշխանություները ամեն ինչ անելու են Արցախի ժողովրդի բռնագաղթը կանխելու համար»,-ասաց նա:











