Եվրոպական անվտանգության եւ համագործակցության ամերիկյան հանձնաժողովը (ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողով) դեկտեմբերի 7-ին Վաշինգտոնում «Կովկասի հակամարտությունները. կարգավորման հեռանկարներ» թեմայով լսումներ կանցկացնի:

Ինչպես նշված է Հելասինկյան հանձնաժողովի հաղորդագրության մեջ, ԽՍՀՄ փլուզումից 20 տարի է անցել, սակայն Կովկասի հակամարտությունները դեռեւս չեն կարգավորվել: Արդյունք չի տալիս նույնիսկ ԵԱՀԿ միջնորդությունը: 2008թ. օգոստոսյան իրադարձություններից, ինչպես նաեւ Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո այդ հակամարտությունների լուծումը նախկինից առավել մշուշոտ դարձավ: 

Լսումների ընթացքում կքննարկվի տարածաշրջանի ներկա իրավիճակը, այն, թե կարող է արդյոք կարգավորման վրա ազդել բանակցությունների ձեւաչափի փոփոխությունը, պատերազմի վերսկսման հետեւանքները, կարգավորմանը խոչընդոտող գործոնները, կարգավորման հեռանկարները, ԱՄՆ-ի դերը կարգավորման գործում:

Լսումներին ելույթ կունենան Թոմ դը Վաալը (Tom de Waal) Քարնեգի հիմնադրամից, Ֆիոնա Հիլլը Բրուքինգս ինստիտուտից (Brookings İnstitutut), ինչպես նաեւ Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի ներկայացուցիչ Վեյն Մերին (Wayne Merry):