Բաքվի պահանջով Թբիլիսիում ձերբակալված ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովը բանտում հացադուլ է հայտարարել։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանն է հայտնել  նրա կինը՝ Սևինջ Սադիգովան։

Սադիգովը Թբիլիսիում ձերբակալվել է օգոստոսի 3-ին։ Վրաստանի իշխանությունները մտադիր են նրան արտահանձնել Ադրբեջան, որտեղ նա մեղադրվում է շորթման մեջ։

Սադիգովը պնդում է, որ գործը շինծու է։ Դեռ ձերբակալվելիս  նա ապաստան է խնդրել Վրաստանից, սակայն մերժում է ստացել։ Լրագրողը դիմել է բողոքի ծայրահեղ ձևի և խնդրում է իրեն չհանձնել հայրենի երկրի իշխանություններին։

«Նա ասում է, որ վրացական պետությունը, դատարանները և միգրացիոն ծառայությունը հրաժարվել են հետաքննել իր գործը։ Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է, որ նրանք կատարում են Ալիևի կառավարության քաղաքական պատվերը (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև - խմբ.)։ Ալիևի կառավարությունը քաղաքական հրահանգ է տալիս, իսկ վրացական պետությունը դա կատարում է»,- ասել է լրագրողի կինը։

Աֆղան Սադիգովը ադրբեջանական Azel.tv կայքի գլխավոր խմբագիրն էր։ Սադիգովը հիմնականում զբաղվել է կոռուպցիայի և սոցիալական անարդարության հետ կապված թեմաներով։ Նա հաճախ է քննադատել կառավարությանը և բացահայտել տեղական պաշտոնյաների իրավախախտումները:

2020 թվականին նա Ադրբեջանում դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման՝ շորթման մեղադրանքով։

Սադիգովը չի ընդունում իր մեղքը։ Նա բանտում հացադուլ է հայտարարել և մեղադրանքը կապել իր մասնագիտական ​​գործունեության հետ։ Տեղի իրավապաշտպանները նրան քաղբանտարկյալ են ճանաչել։

2023 թվականի մայիսին Ադրբեջանի նախագահը նրան ներում էր շնորհել։ Վախենալով բռնությունից՝ Սադիգովը շուտով տեղափոխվել է Վրաստան, հայտնում է NewsGeorgia-ն։