Նորվեգիայից Իսպանիա չվերթ իրականացնող Scandinavian Airlines ավիաընկերության ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Դանիայում այն ​​բանից հետո, երբ թռիչքի ժամանակ ուղևորին մատուցված կերակուրի միջից մուկ է փախել, հայտնում է CBS News-ը։

Scandinavian Airlines-ի չվերթն իրականացվում էր Օսլոյից (Նորվեգիա) Մալագա (Իսպանիա):

Ուղևոր Յարլե Բորեստադը BBC հեռուստաընկերությանը պատմել է, որ նստած է եղել  մի կնոջ կողքին, որի ուտելիքում մուկ է եղել։ Ըստ նրա,  երբ կինը բացել է սննդի տուփը, մուկը դուրս է թռել։ Նա պատմել է, որ ինքը գուլպաները քաշել է տաբատի վրա, որպեսզի թույլ չտա մկնիկը վեր սողա, բայց միաժամանակ ընդգծել է, որ մարդիկ շատ հանգիստ են մնացել և «ընդհանրապես սթրեսի չեն ենթարկվել»:

Ավիաընկերության ներկայացուցիչ Օյշտեյն Շմիդտը AFP-ին ասել է, որ Կոպենհագենում արտակարգ վայրէջքն իրականացվել է ընկերության ընթացակարգերին համապատասխան, քանի որ մկները և այլ կրծողները կարող են անվտանգության սպառնալիք ներկայացնել: Ավիաընկերությունները սովորաբար խիստ սահմանափակումներ են դնում ինքնաթիռում գտնվող կրծողների վրա, քանի որ դրանք կարող են կրծել էլեկտրալարերը, հաղորդում է BBC-ն: