ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելությունը Հարավային Կովկաս, ընդամենը դիվանագիտական տուրիզմ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սեւծովյան եւ Կասպիան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Անդրեյ Արեշեւը: Նրա խոսքով, համանախագահները հերթական բարեկամական այցը կատարեցին տարածաշրջան, ինչը դիվանագիտական ակտիվությունը ֆոնային ռեժիմի անցելու մասին է խոսում:

«Ներկայումս ԼՂ խնդրի կարգավորման հարցում իրական առաջընթացի հեռանկարներ չկան: Համանախագահները ընդհանուր արտահայտություններ, հայտարարություններ են անում, խոսելով աշխատանքի հետագա շարունակման մասին: Միաժամանակ, վերջին շրջանում, շփման գծում վիճակը սրվել է եւ շատերը խոսում են, որ պետք է ակտիվացնել միջադեպերը կանխելուն ուղղված քայլերը: Միջնորդների ջանքերը պետք է նկատելի լինեն հենց այս հարցում. Ամրապնդել, կամ գոնե պահպանել կողմերի միջեւ նվազագույն վստահությունը»,-ասաց փորձագետը, հավելելով, որ գուցե այդ ուղղությամբ որոշակի աշխատանք տարվում է, որի մասին հասարակությունները տեղյակ չեն:

Խոսելով ընդհանրապես խնդրի կարգավորման մասին, Արեշեւը դրան որոշակի հոռետեսությամբ է մոտենում: «Գործընթացի դինամիկան այնքան էլ պոզիտիվ չէ: Շփման գծում մարդիկ են զոհվում: Եվ Երեւանում, եւ Բաքվում մարդիկ գիտակցում են, որ ցանկացած միջադեպ կարող է հանգեցնել հակամարտության սրման:Պետք է թույլ չտալ նման բան»,-ընդգծեց փորձագետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 28-30-ին տարածաշրջան են այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Նոյեմբերի 29-ին նրանք ոտքով հատել են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը, ինչպես հանդիպել հանդիպել տեղի բնակիչներին` քննարկելու համար սահմանային շրջանում տիրող իրավիճակը: