Թուրքիայում դատախազությունն ավարտել է պայմանավորված խաղերի գործով հետաքննությունը եւ ներկայացրել է մեղադրական զեկույցը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ մեղադրական զեկույցում «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի նախագահ Ազիզ Յըլդըրըմի համար պահանջվում է 49-ից 132 տարվա ազատազրկում։ Մեղադրական զեկույցում Ազիզ Յըլդըրըմը մեղադրվում է 6 անգամ մտադրված խարդախություն անելու, 4 անգամ պայմանավորված խաղ անցկացնելու համար։ Զեկույցում թիվ մեկ կասկածյալը Օլգուն Փեքերն է, ով մեղադրվում է հանցավոր կառույց ղեկավարելու մեջ։

93 կասկածյալների դեմ մեղադրանքներ ներառող զեկույցը ուղարկվել է Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 16-րդ դատարան, որն էլ առաջիկա օրերին որոշում կկայացնի ընդունել կամ մերժել մեղադրական զեկույցը։

Նշենք, որ 2011-ի հուլիսին  թուրքական ոստիկանությունը 12 նահանգներում իրականացրել էր համաժամանակյա գործողություններ, որոնց արդյունքում բերման էր ենթարկել մի քանի տասնյակ անձանց։ Բերման ենթարկվածների  մեջ են եղել ֆուտբոլային ակումբների ղեկավարներ եւ ֆուտբոլիստներ, ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտնոնյաներ, ովքեր մեղադրվում են պայմանավորված խաղեր կազմակերպելու համար։