Հարավային Օսիայի գերագույն դատարանը կքննարկի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւայի կողմնակիցների բողոքը դեկտեմբերի 5-ին: Նրանք պահանջում են չեղյալ համարել գերագույն դատարանի որոշումը, որով չեղյալ են համարվել Ջիոեւայի հաղթանակով ավարտված նախագահական ընտրությունների արդյունքները:
Այս մասին Ցխինվալում կայացած հանրահավաքում հայտարարել է Ջիոեւայի վստահված անձ Անատոլի Բարանկեւիչը: Նա հայտարարել է, որ դատական նիստին պետք է լավ պատրաստվել, ինչպես նաեւ վստահեցրել է, որ իրենք դատարանին կներկայացնեն անհրաժեշտ փաստարկները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ Հարավային Օսիայի գերագույն դատարանը չեղյալ է համարել ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն հաղթանակ է տարել ընդդիմադիր Ալլա Ջիոեւան:
Դատարանի որոշմամբ Ջիոեւան այլեւս չի կարող մասնակցել նախագահական ընտրություններին: Երկրի խորհրդարանը կրկնակի ընտրությունների օր է նշանակել 2012-ի մարտի 25-ը:
Ջիոեւան բողոքարկել է դատարանի այս որոշումը, նաեւ իրեն հռչակել է ընտրված նախագահ եւ պահանջել երկրի իշխանություններից ճանաչել իր հաղթանակը: Ջիոեւայի կողմնակիցներն արդեն քանի օր է հանհարավաքներ են անցկացնում Ազատության հրապարակում, իսկ Ջիոեւան բանակցություններ է վարում իշխանությունների եւ ՌԴ ներկայացուցչի հետ: Նշենք, որ Ջիոեւայի նախագահ դառնալուն դեմ է արտահայտվում Ռուսաստանը:




























