Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 7-րդ գումարման Միլի մեջլիսի առաջին նիստում ունեցած ելույթում հնչեցրել է գործող իշխանությունների «խաղաղ» նպատակները։

«Թիվ մեկ խնդիրը մեր ռազմական հզորության ավելացումն է։ Չնայած Երկրորդ ղարաբաղյան պատերազմն ու հակաահաբեկչական գործողությունը (Ալիեւն այսպես է անվանում Լեռնային Ղարաբաղի օկուպացիան եւ 140 հազար բնակչության արտաքսումը) մնացել են հետեւում, ինչպես աշխարհում տեղի ունեցող գործընթացները, պատերազմներն ու լարվածության թեժացումը մեր շուրջ, այնպես էլ ռեւանշիստական միտումները Հայաստանում ստիպում են մեզ մշտապես ուշադրություն դարձնել այդ ոլորտին»,- ասել է Ալիեւը (մեջբերումն ըստ APA-ի)։

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո անցած շրջանում Ադրբեջանը զգալիորեն ավելացրել է իր ռազմական հզորությունը. «Ստեղծվել են նոր զինված միավորումներ, մի քանի անգամ ավելացել է հատուկ նշանակության ուժերի թվաքանակը։ Այսինքն՝ ստեղծվել են հատուկ նշանակության ուժեր, կոմանդոսներ եւ դրանց թվակազմը ավելանում է եւ ավելանալու է տարեցտարի»։ «Հայաստանը եւ նրա թիկունքին կանգնած ցանկացած երկիր պետք է իմանա, որ մեզ հետ անհնար կլինի խոսել շանտաժի եւ վերջնագրի լեզվով։ Մենք պատրաստ ենք, կարող ենք տալ ցանկացած պատասխան եւ միշտ պետք է պատրաստ լինենք դրան»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ալիեւը նաեւ տեղեկացրել է ռազմական գործարանների արդիականացման մասշտաբային աշխատանքների մասին. արտադրվում են նոր սարքավորումներ, տեխնիկա, զենք եւ զինամթերքներ։ Նրա խոսքով՝ այսօր Ադրբեջանն արտահանում է ռազմարդյունաբերական համալիրի արտադրանք տասնյակ երկրներ, եւ մատակարարումների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է։