Միջազգային որևէ պայմանագիր, որը Սահմանադրությամբ նախատեսված կարգով պետք է վավերացվի, չի կարող առանց Սահմանադրական դատարան անցնելու գնա վավերացման։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ՍԴ նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր ՍԴ-ն քննելու է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը:
«Եթե մի բան պետք է վավերացվի՝ չի կարող չգալ Սահմանադրական դատարան: Եթե կա մեկ միջազգային պայմանագիր, որը պետք է վավերացվի, բայց չի վավերացվել, ուրեմն ինքը Հայաստանի համար իրավական ուժ չունի»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե ահազանգեր կան, որ կանոնակարգը հակասում է Հայաստանի շահերին՝ Դիլանյանն ասաց, թե Բարձր դատարանը հենց դրա համար է հավաքվել, որ որոշի՝ հակասո՞ւմ է, թե՞ չի հակասում. «Դատարանն իր հեղինակավոր խոսքը կասի՝ հակասո՞ւմ է, թե՞ ոչ: Մ ի քանի րոպեից կսկսվի դատաքննությունը, հետո մենք կգնանք խորհրդակցությունների սենյակ եւ որոշ ժամանակ անց արդեն որոշումը կհրապարակվի: Եթե խնդիր տեսանք, մի կասկածեք, խնդիրը կարձանագրվի: Եթե խնդիր չտեսանք, էլի մի կասկածեք, ասելու ենք՝ խնդիր չկա»,- նշեց ՍԴ նախագահը։
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը այսօր գրավոր ընթացակարգով քննում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը:
Օգոստոսի 30-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։
Ըստ փաստաթղթի` Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։
Կանոնակարգում նշվում է` գործընթացը հնարավոր է հետագայում` խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։
Կանոնակարգը 7 հոդված ունի, հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ 4-րդ հոդվածում, օրինակ, նշվում է սահմանագծի օպտիմալացման հնարավորության մասին։
Սեպտեմբերի 5–ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի վավերացմանը։ Նույն օրը փաստաթուղթը ուղարկվեց Սահմանադրական դատարան։











