Wildberries-ի գրասենյակում հրաձգության գործով անցնողները սկսել են դիմումներ ներկայացնել ՊՆ ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու պայմանագրեր կնքելու համար, գրել է «Коммерсант»-ը։
Մոսկվայում Wildberries-ի գրասենյակի վրա հարձակման քրեական գործը հարուցվել է ՔՕ հինգ հոդվածներով, ներառյալ երկու եւ ավելի մարդկանց հանրայնորեն վտանգավոր սպանությունը նախնական պայմանավորվածությամբ (ՌԴ ՔՕ 105 հոդված, 2-րդ մասի «а», «е», «ж» կետեր), զենքի անօրինական շրջանառությունը (ՌԴ ՔՕ 222 հոդված), ոտնձգություն իրավապահ մարմինների աշխատակցի կյանքի դեմ (317 հոդված) եւ կամայականություն (330 հոդված), հիշեցրել է պարբերականը։
Ձերբակալությունների մասին որոշումները կայացրել են Մոսկվայի Մեշչանսկի, Տվերի եւ Բասմանյան դատարանները։ Բասմանյան դատարանի ձերբակալությունները բողոքարկվել են, ըստ «Կոմերսանտի», գործով անցնողները դիմումներ են ներկայացրել Ուկրաինայում պատերազմին մասնակցելու համար։
Չնայած որոշ մեղադրանքների համար նախատեսվում է պատիժ ընդհուպ մինչեւ ցմահ բանտարկությունը, ՊՆ-ի հետ պայմանագրերի կնքմանը դա չի խանգարում, ինչպես եւ այն, որ որոշ ձերբակալվածներ ՌԴ քաղաքացիություն չունեն։
Ռուսաստանում պատերազմն սկսվելուց հետո ընդունված օրենքներով ՊՆ-ի հետ պայմանագիր կարող է կնքել անգամ քրեական գործով անցնողը, որին սպառնում է ցմահ բանտարկություն, եթե դատավճիռը դեռ չի կայացվել (բացառություն են հանդիսանում անչափահասների դեմ սեռական հանցագործություններում, ահաբեկչական եւ ծայրահեղական բնույթի եւ պետական դավաճանության տարբեր տեսակների հանցագործությունների մեջ մեղադրվողները)։
Պայմանագրի կնքումից հետո քրեական գործը դադարեցվում է, իսկ եթե ֆիգուրանտը ստանում է պետական պարգեւ, հասնում զորացրման տարիքի կամ առողջական վիճակի կամ ռազմական ժամանակի ավարտի հետ կապված, ապա նա ստանում է լիակատար վերականգնման իրավունք։ Օտարերկրյա ֆիգուրանտները նաեւ կարող են ՌԴ քաղաքացիություն ստանալ պարզեցված ընթացակարգով։
Ընդ որում, նշել է պարբերականը, Wildberries-ի գրասենյակի վրա հարձակման գործով բոլոր անցնողները հայտնել են իրենց անմեղության մասին, նրանց փաստաբանները պնդում են, որ նրանք պատահմամբ են հայտնվել պատահարի վայրում։





























