Հայաստանի նախագահի` օգոստոսին ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպմանը տրված հանձնարարականների կատարման ընթացքին է ադրադարձ եղել դեկտեմբերի 3-ին Փարիզում կայացած խորհրդակցությանը: Այն  անցկացրել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի`եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախարար Նալբանդյանը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրել է երկրի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումները եւ սպասվող իրադարձությունները: Էդվարդ Նալբանդյանը հանձնարարականներ է  տվել երկկողմ հարաբերությունների զարգացման, Եվրոպական կառույցներում ներգրավվածության առավել ակտիվացման եւ եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության խորացման վերաբերյալ:

Խորհրդակցությանն արծարծվել են դեսպանությունների կողմից մատուցվող հյուպատոսական ծառայությունների մակարդակի, արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացման հարցերը:

Դիվանագետները ներկայացրել են իրենց հավատարմագրման երկրներում եւ միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Քննարկվել են տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր: