Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ՏՏ ոլորտի լաբորատորիաների ձեւավորման համար պետության համաֆինանսավորմամբ կհատկացվի 1.5 մլն դոլար: Այս մասին ՀՀԿ տնտեսական սեմինարի ժամանակ նշել է Հայաստանի վաչապետ Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ ֆինանսավորման առնվազն 50 տոկոսը ակնկալում են մասնավոր հատվածից: «Պետության եւ մասնավոր հատվածի համագործակցության ձեւաչափի էությունը կայանում է նրանում, որ ուղղակի պայմանագրեր ենք կնքում ՏՏ ոլորտի ընկերությունների հետ: Միաժամանակ նրանք ներկայացնում են պահանջարկը եւ զարգացման հեռանկարները»,- ասել է վարչապետը:

Սարգսյանի խոսքով՝ վարչապետին կից գործող տեղեկատվական տեխնոլոգիաների խորհուրդը պետության առջեւ խնդիր է դրել ոլորտին տարեկան առնվազն 1000 շրջանավարտ մատակարարել, այն պարագայում, երբ այդտեղ այսօր աշխատում է 5500 մասնագետ: Ըստ նրա՝ դա կնշանակի, որ շուրջ 300 ընկերություններ տարեկան առնվազն 20 տոկոս աճ պետք է ծրագրեն:

Նշենք, որ ՏՏ ոլորտը Հայաստանում մոտ տասը տարի է գերակա է ճանաչվել, որի շրջանակում խոսվում է այն մասին, որ պետք է աջակցել այդ ընկերությունների ստեղծմանը, ինչպես նաեւ մասնագետների պատրաստմանը, որպեսզի Հայաստանը մրցունակ դառնա ՏՏ միջազգային շուկայում: NEWS.am-ի տեղեկություններով, սակայն, ՏՏ մասնագետների արտասահման հոսքը մինչեւ այժմ չի նվազել: Հայ լավագույն երիտասարդ մասնագետներին արտասահմանում աշխատանքի  առաջարկներ են կատարվում ՏՏ համաշխարհային հսկաներ Microsoft-ի, Google-ի եւ այլ ընկերությունների կողմից, իսկ Հայաստանում համարժեք պայմաններով առաջարկների մասին դեռեւս նույնիսկ խոսք չկա: