Իսրայելը Լիբանանի ժողովրդին է թիրախավորում, իսկ «Հեզբոլլահ»-ը պատասխանում է զինվորական կենտրոններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին՝ խոսելով Լիբանանում ստեղծված իրադրության մասին:

«Անկեղծ ասած ամիսներ ի վեր կրկնվող այն հաստատումը, որ լայնածավալ պատերազմի չեն գնա, կամ Միացյալ Նահանգներն ու արեւմտյան ուժերը ճնշում պետք է բանեցնեն Իսրայելի վրա, արդեն իսկ գոյություն ունեցող, ընդունված հավասարակշռությունը կխախտվեր թե աշխարհագրական իմաստով, թե գործածված զինամթերքի  իմստով, թե արձանագրված զոհերի իմաստով: Առաջինը պետք է արձանագրել, որ Իսրայելը ուղղակի Լիբանանի ժողովրդին կթիրախավորի, իսկ «Հեզբոլլահ»-ը ուղղակի կպատասխանի զինվորական կենտրոններին: Փաստորեն արձանագրվող զոհերի թիվը Իսրայելում եւ Լիբանանում անհամեմատ  են: Եթե 2 ամիս առաջ անհավանական կթվար ցամաքային ներխուժումը, այսօր Իսրայելի   կատարածը ցույց կտա, որ հնարավոր է նաեւ ցամաքային ներխուժումը: Իսրայելում հասկանում են, որ պարտավոր են օգտագործել տարածաշրջանային եւ միջազգային դրությունը եւ հատկապես Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները, որպեսզի կարողանան այդ ժամանակի ընթացքում առավելագույնը անել իր թիրախներին եւ նպատակներին հասնելու համար: Իսրայելի հիմնական նպատակները երկուսն են, առաջինը ամբողջաապես չեզոքացնել «Հեզբոլլահ»-ի զինվորական կարողությունը եւ երկրորդ՝ Լիբանանի հարավային ուղղության մեջ ապահովական գոտի ստեղծել, որպեսզի հետագայում որեւէ հարձակման դեմ կանգնի: Փաստորեն, երբ այսօր Իսրայելի վարչապետը հայտարարում էր, որ իր պատերազմը Լիբանանի եւ Լիբանանի ժողովրդի  դեմ չէ, այլ «Հեզբոլլահ»-ի, սա մեզ համար պարզապես աչքին փոշի սրկսել է եւ երկրորդ, որ լիբանանյան ներքին ճակատում պառակտումներ լինեն, քաղաքական ինչու ոչ նաեւ միջհամայնքային ոչ առողջ մթնոլորտ ստեղծվի, որից կարող է օգտվել միայն Իսրայելը»,-ասաց նա:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ մասշտաբների կարող է հասնել պատերազմը, եթե Իրանը միջամտի, Բագրատունին ասաց, որ ջանքեր են գործադրում լայնածավալ պատերազմից խուսափելու համար, քանի որ լիբանանյան ճակատի բռնկումը ենթադրում է, որ այլ երկրներ էլ կարող են միջամտել այս պատերազմին:

«Իրանը ասում է, որ հարմար ժամանակին պետք է պատասխան տա «Համաս»-ի ղեկավարի սպանության պատասխանը, որպեսզի խուսափի լայնածավալ պատերազմից, որովհետեւ լայնածավալ պատերազմը կենթադրի Իրանի միջամտությունը, եվրոպական տարբեր երկրների միջամտությունը, որն անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ: Տակավին, դեռ ժամանակ կա, որպեսզի մեծ պետությունների եւ շրջանային նեկայություն եւ ուժ ունեցող պետությունների միջեւ ելքը գտնվի, սակայն հիմնականը Գազայի պատերազմի դադարեցումն է, որը թույլ կտա Լիբանանի հարավի վրա հարձակումներ կատարել: Այստեղ հարց է առաջանում, արդյոք Իսրայելը դա պատրաստ է անելու, թե ուղղակի սա իր համար պատեհ առիթ է, որ իր պատմական, կրոնական ներշնչումները իրագործի: Արդյոք այսօր Միացյալ Նահանգները ի վիճակի՞ են առավելագույն ճնշումը բանեցնել Իսրայելի վրա, որպեսզի լայնածավալ պատերազմ չսկսվի, ինչը հարցական է»,- ասաց նա: