Սիրիայի իշխանություններն ընդունել են դիտորդների տեղակայման ծրագիրը, որն առաջարկել էր Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ):

Ինչպես փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը,  սիրիական իշխանություններն ստորագրել են խաղաղ նախաձեռնությունների մասին արձանագրություն,  որն առաջարկվել էր ԱՊԼ-ի  կողմից եւ ենթադրում է կազմակերպության դիտորդների ներկայություն երկրի տարածքում:

Նշենք, որ ավելի վաղ ԱՊԼ-ն հերթական վերջնագիրն էր ներկայացրել Սիրիային` պահանջելով, որպեսզի Դամասկոսը մինչեւ օրվա վերջ դիտորդներին երկիր թողնելու թույլտվություն տա:  Միաժամանակ` Դամասկոսին սպառնում էին ՄԱԿ-ի ուժերի Սիրիա ներխուժմամբ:

500 հոգանոց դիտորդական առաքելության` Սիրիա ուղարկելու մասին  որոշումն ընդունվել էր նոյեմբերի կեսերին` ԱՊԼ արտգործնախարարների նիստում:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, ԱՊԼ-ն նոյեմբերի 27-ին Բաշար ալ Ասադի ռեժիմի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների փաթեթ էր ընդունել: ԱՊԼ-ից հետո նման պատժամիջոցներ էր սահմանել Եվրամիությունը: