Ադրբեջանում Հայաստանի հանդեպ տարածքային հավակնությունների թեման չի իջնում օրակարգից եւ անգամ նոր ձեւեր է ընդունում։

Այս անգամ «հանճարեղ» միտք է հնչեցրել Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիգ Զուլֆուղարովը։ Նրա խոսքով՝ շրջանակային համաձայնագրում պետք է արտացոլվի, թե ով է մեղավոր։ Նախկին նախարարի տրամաբանությամբ՝ «բանակցությունների միջոցով Հայաստանը կարող է ընդունել իր պատասխանատվությունը որպես պետություն եւ փոխհատուցում վճարել Ադրբեջանին»։ Իսկ եթե Հայաստանը չհամաձայնի փոխհատուցման վճարմանը բանակցությունների միջոցով, ապա Ադրբեջանը կարող է Հայաստանին դատի տալ միջազգային դատարանում։

Հարցին, թե կարող է արդյոք Հայաստանի փոխհատուցումը լինել տարածքային փոխհատուցման ձեւով, Զուլֆուղարովն ասել է, որ եթե լինեն ուղիղ բանակցություններ, ապա կարող են ընդունվել տարբեր որոշումներ, այդ թվում եւ տարածքային փոխհատուցման մասին. «Եթե փոխհատուցման հարցը լուծվի միջազգային դատարանների միջոցով, ապա այլ տարբերակներն անհնար կլինեն։ Այսինքն՝ միջազգային դատարանները կարող են որոշում ընդունել միայն փոխհատուցման որոշակի գումարի մասին։ Եթե փոխհատուցման գումարի վճարումն անհնար է, ապա Հայաստանը կարող է առաջարկել տարբեր տարբերակներ։ Այլ խոսքով, եթե Հայաստանը տեսնի, որ փոխհատուցման պահանջվող գումարը անհասանելի է, ապա բանակցությունների միջոցով կարող է դիտարկվել տարածքային փոխհատուցումը։ Միջազգային պրակտիկայում եղել են բանակցություններ տարածքային հարցի մասին»։

Այսպիսով, երկրի ներկայացուցիչը, որն իրականացրել է ցեղասպանություն եւ 140 հազար արցախահայերի բռնի տեղահանում, սանձազերծել է արյունալի հակամարտություն, մի քանի պատերազմներ, հիմա խոսում է փոխհատուցման ձեւերի մասին։