Երեք մարմին չի հաջողվում նույնականացնել ըստ ԴՆԹ-ի, ինչը ենթադրելու տեղիք է տալիս, որ դրանք ադրբեջանցիների մարմիններն են, որոնք թափանցել էին այդ տարածք եւ կազմակերպել պայթյունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում Երեւանում սեպտեմբերի 25-ի բողոքի ակցիայի ժամանակ ասել է Ստեփանակերտում պայթյունի հետեւանքով անհետ կորածներից մեկի կինը։

Նա դժգոհել է Հայաստանի իշխանությունների եւ միջազգային կազմակերպությունների անգործությունից։ Կինը համոզված է, որ իր ամուսինը չի զոհվել, քանի որ նրա կողքին կանգնած տղան ողջ է։

«Բացի այդ, 2023թ. հոկտեմբերի 7-ին անհետ կորածներից մեկը զանգահարել է Շուշիից եւ տեղեկացրել, որ իր հետ եւս չորս մարդ կա։ Ընդ որում, ոչ ոք չի ցանկանում գնալ այդ տեղեկության հետեւից եւ պարզել, թե ինչ է տեղի ունենում»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ 2023թ. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում բենզապահեստի պայթյունի զոհ է դարձել 238 մարդ, իսկ 22 մարդու ճակատագիրն առ այսօր անհայտ է։