Ուղիղ մեկ տարի է անցել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին հարակից «Հայկազով» տեղանքում գտնվող զորամասի վառելիքի պահեստի պայթյունից։ Այն 219 հոգու կյանք խլեց, 22-ը մինչ օրս անհետ կորած են, վիրավորվել է ավելի քան 290 մարդ։ NEWS.am–ի հետ զրույցում պայթյունի հետևանքով տուժած Դավիթ Բեգլարյանը պատմում է բենզինի պահեստում տեղի ունեցածի մասին։
«Փոքր եղբորս հետ էի։ Գնացինք, տեսանք՝ մոտ հազար մարդ կար պահեստում։ Պահեստը գետնի տակ էր գտնվում, մարդիկ բացել էին դիտահորերը, ամեն դիտահորի մոտ 40-50 մարդ կար՝ հերթ էին կանգնել։ Դույլերով հանում էին բենզինը: Մենք էլ հերթ կանգնեցինք, արդեն մեր հերթն էր հասնում, երբ երկրաշարժի նման ցնցում զգացինք ու պայթյունը եղավ: Ես օդ բարձրացա ու ընկա»,- պատմում է 25-ամյա Դավիթը։
Պայթյունի հետևանքով պանելները փլուզվել, ընկել են Դավիթի ոտքերի վրա՝ էլ չի կարողացել տեղից շարժվել։ Փլատակների տակ միայնակ չի եղել, տուժածներից երկուսին հաջողվել է դուրս գալ, բայց իր հետևից այդպես էլ ոչ ոք չի եկել։
«Կրակը մոտենում էր ինձ, աչքերս ու բերանս փակեցի։ Կրակը քանդված պանելների վրայով անցավ, ու ես կարողացա շնչել։ Ինքս ինձ հետ խոսում էի, ասում էի՝ այսպե՞ս են մարդիկ մահանում»,- հիշում է Դավիթը։
Դավիթի եղբայրը՝ Հենրիկն այդ ընթացքում փորձել է այրվող ճաղավանդակներից բռնվել ու փոսից դուրս գալ՝ օգնություն կանչելու։ Եղբայրները օրեր անց են միայն հանդիպել, արդեն Երևանում։
Դավիթ Բեգլարյանին փրկարար ծառայության աշխատակիցներն են փրկել, տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց, այնտեղից էլ՝ «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ։ Իսկ Հենրիկին տեղափոխել են Երևանի «Այրվածքաբանության և մաշկաբանության կենտրոն», որտեղ ամպուտացրել են աջ ձեռքի մեկ, ձախ ձեռքի երեք մատները։
Դեպքից օրեր անց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ իրենց ունեցած տվյալներով՝ վառելիքի պահեստն անվտանգության կանոնները խախտելու հետևանքով է պայթել։
Պայթյունի հետևանքով անհետ կորածների հարազատները սակայն, այլ վարկած ունեն։ Վստահ են՝ պայթյունը թշնամու դիվերսիոն խմբի կողմից է իրականացվել, իրենց հարազատներն էլ գերության մեջ են։
Մինչ այժմ պայթյունի վերջնական պաշտոնական վարկած առաջ չի քաշվել՝ Քննչական կոմիտեում դեռ քննություն է ընթանում։











