«Արամ Խաչատրյան» համերգասրահում, դեկտեմբերի 4-ին, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը եւ հաշմանդամ երեխաների ծնողների «Վահան» բարեգործական ՀԿ-ն կազմակերպել էին բարեգործական համերգ էստրադային երգիչների մասնակցությամբ։

Մշակութային այս ծրագիրը նվիրված էր Հաշմանդամների միջազգային օրվան։ Համերգին ներկա են եղել տարբեր հասարակական կազմակերպությունների հաշմանդամություն ունեցող երեխաներ։

Համերգային ծրագրում իրենց կատարումներով հանդես են եկել Արսեն Գրիգորյանը (Մրո), Լեյլա Սարիբեկյանը, Վարդան Բադալյանը, Արթուր Հակոբյանը (Միստր Իքս), Վլադիմիր Արզումանյանը, Էմմին, Աննա Խաչատրյանը, Սոֆի Մխեյանը, Հասմիկ Կարապետյանը եւ այլ երգիչ-երգչուհիներ, ովքեր մեծ սիրով համաձայնել էին բարեգործական հիմունքներով ելույթ ունենալ եւ փոքրիկ տոն ստեղծել հաշմանդամ երեխաների համար։ Երգիչ-երգչուհիներն ընտրվել էին՝ հաշվի առնելով «Վահան» բարեգործական հասարակական կազմակերպության հաշմանդամ երեխաների ցանկությունը։

«Վահան» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Ռիտա Մնացականյանի հավաստմամբ, հաշմանդամ երեխաներն այսօր ունեն մշակութային միջոցառումների մասնակցելու մեծ ցանկություն, որովհետեւ նրանցից շատերը տանից դուրս գալու հնարավորություն անգամ չունեն։ Բացի այդ, մշակութային շատ օջախներ հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող մարդկանց տեղաշարժման համար։ Ռիտա Մնացականյանը տեղեկացրեց նաեւ, որ համերգը հրավիրվել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում, քանի որ այն ունի թեքահարթակներ եւ հնարավորություն է տալիս մշակութային ծրագրերին ներգրավել նաեւ անվասայլակով տեղաշարժվող երեխաներին։  Հաշմանդամ երեխաների ծնողների «Վահան» բարեգործական ՀԿ-ի նախագահը նշում է նաեւ, որ վերջին տարիներին փոխվել է հանրության վերաբերմունքը հաշմանդամների նկատմամբ. «Եթե տարիներ առաջ մեր երեխաներին փողոցում տեսնելիս զարմացած հայացքով էին նայում, ապա այսօր նույնը չես նկատի, մարդիկ մեծ ջերմություն են տածում հաշմանդամների նկատմամբ, հոգատար են եւ հարկ եղած դեպքում նաեւ օգնության ձեռք են մեկնում»։