ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի պատճառով զոհվել է 45 մարդ, տեղեկացրել է CBS News-ը։
Ջորջիայի նահանգապետ Բրայան Քեմփի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ նահանգում զոհվել է 15 մարդ, նրանց մեջ՝ փրկարար ծառայության աշխատակիցը։
Հարավային Կարոլինայում փոթորկից մահացել է 19 մարդ, հաստատել են պաշտոնատար անձինք CBS News-ին։ Զոհվածների թվում են երկու հրշեջներ եւ երկու մարդ, որոնց վրա ծառեր են ընկել։
Տեղեկացվել է նաեւ Հյուսիսային Կարոլինայում, Ֆլորիդայում եւ Վիրջինիայում առկա զոհերի մասին։
«Հելեն» փոթորկի «մնացորդները» ուրբաթ հարվածել են երկրի հարավ-արեւելքին, այն բանից հետո, երբ նախօրեի երեկոյան Բիգ-Բենդ շրջանում (Ֆլորիդա) մոլեգնել էր հիմնական՝ չորրորդ կարգի փոթորիկը։ Հեղեղումների հետեւանքով, որը Փոթորիկների ազգային կենտրոնն անվանել է պատմական եւ աղետալի, զոհվել են տասնյակ մարդիկ մի քանի նահանգներում։
Չնայած փոթորիկը թուլացել է, Թենեսի նահանգում հեղեղումը ստիպել է տասնյակ մարդկանց հիվանդանոցում բարձրանալ տանիք փրկվելու համար։ Յունիքոյ օկրուգի հիվանդանոցը հայտնվել է «չափազանց վտանգավոր եւ արագ շարժվող ջրում», տեղեկացրել է Ballad Health ընկերությունը սոցցանցերում։ Ballad Health-ի տվյալներով՝ ուրբաթ օրվա վերջին հիվանդանոցի անձնակազմը եւ պացիենտները փրկվել են։





























