Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին կոչ է արել Իսլամական համագործակցության կազմակերպությանը (ԻՀԿ) շտապ գագաթաժողով հրավիրել Լիբանանում եւ Պաղեստինում Իսրայելի գրոհների հետ կապված, տեղեկացրել է Tasnim-ը։

Ուրբաթ ՄԱկ Գլխավոր վեհաժողովում ելույթի ժամանակ Ղարիբաբադին ընդգծել է «համերաշխության կարեւորությունը իսլամական պետությունների միջեւ՝ ի պաշտպանություն պաղեստինցի ժողովրդի»։

«Իսլամական աշխարհը գտնվում է բեկումնային փուլում եւ բախվում է մի շարք լուրջ խնդիրների, հատկապես պաղեստինյան հարցում, որը շարունակում է մնալ մեր գլխավոր առաջնահերթությունը»,- ասել է նա։

Ղարիբաբադին նշել է, որ Իրանը, որպես ԻՀԿ հիմնադիրներից մեկը, միշտ աջակցել է իսլամական երկրների ջանքերին հիմնական խնդիրները լուծելիս եւ հատուկ ուշադրություն է նվիրել պաղեստինյան հարցին։

Նա նաեւ կոչ է արել, որպեսզի բոլոր պաղեստինցիները՝ երկրում եւ երկրի սահմաններից դուրս ապրող, որոշում կայացնեն իրենց ապագայի մասին հանրաքվեում։

Ղարիբաբադին հույս է հայտնել, որ այդ մեխանիզմի օգնությամբ կարող է ձեռք բերվել կայուն աշխարհ, որտեղ մուսուլմանները, քրիստոնյաները եւ հուդայականները կկարողանան  գոյակցել խաղաղության եւ համաձայնության մեջ։

Իրանցի դիվանագետը նաեւ հայտնել է, որ «սիոնիստական վարչակարգի անօրինական եւ ոչ լեգիտիմ գոյությունը հիմնված է անմեղ մարդկանց սպանությունների եւ հաշվեհարդարների վրա»։

Հաշվի առնելով  պայքարի անհրաժեշտությունը «Լիբանանում սիոնիստական վարչակարգի ագրեսիայի դեմ, ինչպես նաեւ Գազայի ժողովրդի հատռւկ վիճակը», իրանցի դիվանագետը առաջարկել է անհապաղ ԻՀԿ անդամ պետությունների ղեկավարների արտահերթ հանդիպում կազմակերպել։