«Արսենալի» և Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Յենս Լեմանին նրա հայրենի Շտարնբերգ քաղաքի դատարանը տուգանել է 135.000 եվրոյով՝ իր հարևանի ավտոտնակը բենզասղոցով վնասելու համար, գրում է The Guardian-ը։
Լեմանը, որը մեղադրվում էր հարևանի ավտոտնակի տանիքի գերանը սղոցելու մեջ, սկզբում տուգանվել էր 420․000 եվրոյով, որը վերաքննիչ բողոքով կրճատվել էր:
«Պարոն Լեմանը ստանձնել է պատասխանատվությունը: Նա համաձայնության է եկել հարևանի հետ»,- ուրբաթ օրվա դատավճռից հետո հայտնել է Լեմանի փաստաբան Ֆլորիան Ուֆերը:
Լեմանը, որը մեղադրվում էր նաև Մյունխենի օդանավակայանում կայանման վճարումից խուսափելու մեջ, այժմ վճարել է այն, հավելել է Ուֆերը։
Դատավոր Տանյա Ուոլթերը հայտարարել է, որ 54-ամյա նախկին դարպասապահը «հետևողականորեն իրեն արդարադատության համակարգի զոհ է ներկայացրել»՝ հավելելով, որ նա «ոչ թե զոհ է, այլ հանցագործ»։
Պետական մեղադրող Ստեֆան Կրեյցերն ավելացրել է, որ Լեմանի վարքագիծը ապացուցում է, «որ նա ակնհայտորեն իրեն օրենքից վեր է դասում»։





























