Փոշու մրրիկները հարվածել են Ռուսաստանի Հարավային դաշնային օկրուգի միանգամից մի քանի շրջանների։ Վատ եղանակի պատճառով դաշնային մայրուղիներում տեսանելիությունը դժվարացել է, արձանագրվել են էլեկտրահաղորդման գծերի խզումներ, ինչպես նաև խոշոր լանդշաֆտային հրդեհներ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Այսպես, Վոլգոգրադի մարզի մի քանի շրջաններում հրշեջները մարում են խոտերի և ծառերի հրդեհները 1,5-ից 30 հա տարածքի վրա։ Տարածաշրջանի ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհաշիջումը բարդանում է ուժեղ քամու պատճառով։

Ռոստովի մարզի պետավտոտեսչությունը վարորդներին և հետիոտներին զգուշացրել է  ճանապարհներին ավազոտ փոթորկի հետևանքով առաջացած բարդությունների մասին։ Գերատեսչության տվյալներով, լանդշաֆտային հրդեհի և ուժեղ քամու պատճառով Մ-4 «Դոն» ատոճանապարհի մի հատվածը ծխապատ է։

Բացի այդ, փոշու մրրիկներ են դիտարկվում Աստրախանի շրջանում, իսկ Կալմիկիայում, ականատեսները հայտնում են, որ ուժգին քամու պատճառով էլեկտրահաղորդման գծերը խզվել են:

«Ֆոբոս» կենտրոնի տվյալներով, փոշու մրրիկների գոտին ընդգրկում է Աստրախանի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերը, Կալմիկիան, ինչպես նաև Դաղստանն ու Ստավրոպոլը։