Մերձավորարեւելյան զարգացումները մաս են այն մեծ ու գլոբալ ծրագրի, հանուն որի նաեւ Արցախը նվիրաբերվեց Ադրբեջանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արտակարգ և լիազոր դեսպան, «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամ Ձյունիկ Աղաջանյանը:

«Այսօր, ցավոք սրտի, բոլոր այն ուժերի համար, որոնք պայքարում են ընդհանուր համաշխարհային արդարության, հավասարության եւ արժանապատիվ հարաբերություններ կառուցելու  համար, մենք տեսնում ենք մերձավորարևելյան ճակատում թեժացումներ, որոնց նպատակն է ի վերջո, Իրանին ներքաշել ռազմական գործողությունների մեջ: Մենք այս տարվա ընթացքում եթե նայենք, կտեսնենք այդ ձեռագիրը՝ ամենատարբեր սադրանքների միջոցով, եւ այդ սադրանքների ծավալն ու մակարդակը գնալով թեժանում է: Ցավոք, երեկվա տվյալներով արդեն հերթական ահաբեկչական գործողությունն է եղել ուղղաթիռի պայթյունի տեսքով, որը նաեւ բնականաբար, բոլոր մտածող  մարդկանց մոտ ուղիղ զուգահեռներ է արթնացնում ամսիներ առաջ Իրանի նախագահի ուղղաթիռի պայթյունի հետ:

Բնական է, որ մենք մոտ ժամանակներս ակնհայտորեն կտեսնենք  էլ ավելի թեժացման գործողություններ: Շատ բնորոշ է այսօր Իրանի նախագահ Փեզեշքիանի խոսքը իրենց կառավարության նիստի ժամանակ, որը բացահայտում է իրենց պատասխան հարվածի  ուշացման հանգամանքը, եւ եւս մեկ անգամ հաստատում արեւմտյան կողմի փարիսեցիությունը: Ըստ նրա, արեւմտյան տարբեր երկրներ խոստացել էին չհարվածելու պայմանով եւ Գազայում, եւ Հեզբոլլահի մասով թեժացումներ չանել, բայց մենք տեսանք բոլորովին հակառակ գործողություններ: Սա եւս մեկ սթափեցնող ազդակ է Իրանի նոր ղեկավարությանը, որը հաշվի առնելով Փեզեշքիանի ավելի լիբերալ դիրքորոշումները, հույս ուներ, որ Արեւմուտքքի հետ կամուրջներ, հարաբերություններ կառուցելու հնարավորություն կարող է բացել: Սա ուղղակի խաչ է քաշում այդ ցանկությունների վրա»,- հայտարարեց Աղաջանյանը՝ հավելելով, որ արեւմտյան հեգեմոնիայի հաստատման համար ցանկացած կեղծիք, սուտ ու սադրանք՝ կարող է օգտագործվել:

Դեսպանը համոզմունք հայտնեց, որ Իրանը չի գնա սադրանքի եւ պատերազմի մեջ չի ներշքավի. «Սակայն ես չեմ բացառում դիմադրության ճակատի կողմից ընդհանուր ծրագրված քայլերի ձեռնարկումը: Հաշվի առնենք, որ Եմենի կողմից եւս զոհեր կան եւ չի բացառվում, որ տեսնենք համակարգված պատասխան՝ առանց Իրանի ուղիղ ներգրավման: Հնարավոր է հրթիռային հարվածներ լինեն, բայց ուղիղ ներգրավման հարցը նվազագույնի է հասցվելու, որպեսզի Իրանի վրա ուղիղ հարձակման պատրվակը չտրվի»: