Իսրայելական հետախուզական «Մոսադ» ծառայության կենտրոնակայանը չի տուժել զանգվածային հրթիռային հարվածից, որը հասցրել է Իրանը։ Այս մասին տեղեկացրել է Axios պորտալը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրա տեղեկացմամբ՝ «տասնյակ հրթիռներ» ուղղվել են կենտրոնակայանի դեմ, բայց դրանցից ոչ մեկը «համալիրի ներս չի ընկել»։

Ավելի վաղ իսլամական հանրապետության զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամադ Բաղերին տեղեկացրել էր, որ Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելի ՌՕՈւ երկու կայանների եւ »Մոսադի» կենտրոնակայանին։

Հոկտեմբերի 1-ի երեկոյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար զորամասեր) Իսրայելին զանգվածային հարված է հասցրել բալիստիկ եւ հիպերձայնային հրթիռներով։ Օդային տագնապ է հայտարարվել հրեական պետության ողջ տարածքում, բնակչությանը խորհուրդ է տրվել թաքնվել ապաստարաններում։

ԻՀՊԿ-ում հայտնել են, որ հրթիռների 90 տոկոսը խոցել է թիրախները։ Իրանը, տեղեկացրել են Իսրայելում, իսրայելական տարածքի դեմ արձակել է մոտ 180 հրթիռ, դրանց մեծ մասը խփվել է։ Իսրայելական բանակը հավաստիացրել է, որ Իրանի գրոհը վնաս չի պատճառել երկրի ՌՕՈւ մարտունակությանը։