Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խաղերի և սոցիալական ցանցերի պատճառով եվրոպացի դեռահասների շրջանում հոգեկան առողջության խնդիրների աճի պայմաններում աշխարհի երկրներին կոչ է անում ծխախոտի արտադրանքի պես սմարթֆոնների օգտագործման սահմանափակումներ մտցնել:
Այս դիրքորոշումը եվրոպական Politico պարբերականին տված հարցազրույցում հնչեցրել է կազմակերպության ազգային ռազմավարությունների և առողջապահական համակարգերի տնօրեն Նատաշա Ազոպարդի Մուսկատը։
Ըստ նրա՝ դեռահասների վրա տեխնոլոգիայի բացասական ազդեցության դեմ պայքարի միջոցառումների օրինակ կարող է լինել հանրային ծխելու արգելքի պես սմարթֆոնների սեփականատերերի տարիքի սահմանափակումը, սարքերի գների վերահսկումը, ինչպես նաև որոշ վայրերում դրանց օգտագործման արգելումը։
«Թերևս ժամանակն է մտածել, թե որտեղ չպետք է օգտագործվեն որոշ էլեկտրոնային սարքեր,-ասել է նա: Ինչպես ցանկացած այլ ոլորտում, այս գործիքները կարող են օգտագործվել հաջող և արդյունավետ»,- հավելել է ԱՀԿ պաշտոնյան: Նրա համոզմամբ՝ դեռահասների կողմից սմարթֆոնների անվերահսկելի օգտագործումը «կարող է ազդել նրանց ակադեմիական արդյունքների, հոգեկան առողջության, բարեկեցության և աշխատանքի արդյունավետության վրա»։
Սեպտեմբերին ԱՀԿ-ն զեկույցում հայտնել էր, որ սոցիալական ցանցերից և համակարգչային խաղերից կախվածության պատճառով յուրաքանչյուր 10 դեռահասից մեկը հոգեկան խնդիրներ ունի: Որպես հետևանքներից մեկը՝ վերլուծաբանները նշել են «հոգեակտիվ նյութերի օգտագործման ավելի բարձր ցուցանիշներ՝ այն մարդկանց համեմատ, ովքեր սոցիալական մեդիան պատասխանատվությամբ են օգտագործում կամ առհասարակ չեն օգտագործում»:
Ընդհանուր առմամբ, սոցիալական ցանցերի խնդրահարույց օգտագործումը ուղեկցվում է հոգեբանական և սոցիալական բարեկեցության նվազմամբ, ընդգծել է ԱՀԿ պաշտոնյան։
Տվյալները ստացվել են 2022 թվականին Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում և Կանադայում (ընդհանուր 44 երկիր և տարածաշրջան) 11, 13 և 15 տարեկան գրեթե 280 հազար երեխաներ և դեռահասներ ներառող «Դպրոցահասակ երեխաների առողջական վարքագիծը» հետազոտության շրջանակում:





























