Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 7-ին կմասնակցի Կիեւում կայանալիք Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) Կապի վարչակազմերի ղեկավարների 45-րդ հոբլեյանակ նիստին:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը, այս տարի լրանում է ԿՏՀ-ի ստեղծման 20-ամյակը: Կապի վարչակազմերի ղեկավարների նիստի օրակարգում ընդգրկված են միջազգային եւ տարածաշրջանային համաժողովներում` ռադիոկապի, փոստային ծառայությունների, արբանյակային կապի զարգացման եւ էլեկտրակապի բնագավառներում ԿՏՀ-ի վարչակազմերի համատեղ առաջարկությունների եւ որոշումների քննարկմանը եւ նախապատրաստմանը վերաբերող հարցեր: Առավել կարեւոր հարց է համարվում ԿՏՀ 2012-2017 թվականների հետագա գործունեության ռազմավարության քննարկումը:
Հանդիպման ընթացքում կկայանան ԿՏՀ Գործադիր մարմնի ընտրություններ, որին իր թեկնածությունն է առաջադրել նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացուցիչը:
Նշենք, որ ԿՏՀ անդամ պետություններն են` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Բելառուսիան, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան, իսկ դիտորդի կարգավիճակով հանդես են գալիս Բուլղարիան, Լատվիան, Լիտվիան, Էստոնիան եւ Սլովենիան:
Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) Կապի վարչակազմերի ղեկավարների նախորդ` 44-րդ նիստը, կայացել է այս տարի` հունիսի 1-ին Երեւանում:




























