Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, Microsoft ընկերության հիմնադիր Բիլլ Գեյթսը բանակցություններ է վարում Չինական ազգային ատոմային կորպորացիայի հետ նոր սերնդի ատոմային ռեակտորի ստեղծման շուրջ:

Կորպորացիայի գլխավոր մենեջեր Սուն Ցինը հայտնել է, որ Գեյթսին պատկանող Terra Power ընկերությունը համագործակցում է իրենց հետ, մի քանի օրից ամերիկացի միլիարդատերը կժամանի Չինաստան` հետագա բանակցություներ վարելու համար:

Խոսքը գնում է այսպես կոչված «վազող ալիքի ռեակտորի» մասին (Traveling Wave Reactor-TWR), որը կարող է աշխատել աղքատեցված ուրանով: Վառելիքի այրման գործընթացը շատ դանդաղ է ընթանում, ինչը թույլ է տալիս ապահովել էլեկտրաներգիայի ստացումը տեւական ժամանակ:

Գործնականում նման ռեակտորներ դեռ չեն կառուցվել, նման մշակումներով զբաղվում է Terra Power-ը, որն այնպիսի երկիր է փնտրում, որ կհամաձայնվի իր մոտ տեղադրել առաջին ռեակտորը: Գեյթսը արդեն այցելել է Չինաստան այս տարվա հունիսին: