ԵԱՀԿ երկրներում 6 տարում 30 լրագրող է սպանվել մասնագիտական պարտականությունները կատարելիս: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը Վիլնյուսում «Լրագրողների անվտանգության ձեռնարկի» շնորհանդեսին նվիրված մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով, արձանագրվել են լրագրողների նկատմամբ բռնությունների բազմաթիվ դեպքեր, հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը Վիլնյուսից: Ըստ Աժուբալիսի, փաստաթղթի պատրաստման նպատակն է պայմաններ ստեղծել լրագրողների անվտանգ աշխատանքի համար:

ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը նշել է պատրաստված ձեռնարկի ահռելի կարեւորությունը: Նրա խոսքով, այն խնդիրները չի լուծի, բայց կբարձրացնի կարեւոր հարցը եւ կարող է օգնել կոնկրետ դեպքերում: Նա ցավով է նշել, որ որոշ երկրներում վհուկների որս է սկսվել, ահաբեկումները առնչվում են նաեւ լրագրողներին, փորձեր են արվում մարդկանց զրկել տեղեկատվությունից, ստիպել նրանց լռել: Լրագրողները իրենց իրավունքների իրացման համար ամենաբարձր գինն են վճարում: