ԵԱՀԿ տարածքում կան երկրներ, որտեղ իրավիճակը լրատվամիջոցների ազատության առումով այնքան էլ լավ չէ, արձանագրվել են ճնշումներ լրատվամիջոցների վրա, լրագրողների ձերբակալություններ եւ այլն: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 5-ին կայացած «Լրագրողների անվտանգության ձեռնարկի» շնորհանդեսին հայտարարել է ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը Վիլնյուսից, Միյատովիչը նկատել է, որ իր ղեկավարած գրասենյակը բազմիցս բարձրացրել է նման խախտումների հարցը: Հարցը քննարկվել է լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներում: «Եթե խոսենք Հարավային Կովկասի մասին, պետք է նշեմ, որ իրավիճակն այնքան էլ բարենպաստ չէ»,- ասել է նա` հիշեցնելով, որ վերջերս Թբիլիսիում կայացել է ամենամյա համաժողով, որին մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից եւ Ադրբեջանից:
Իր հերթին Շեֆֆիլդի համալսարանի լրատվամիջոցների կենտրոնի տնօրեն Ուիլյամ Հորսլին նկատել է, որ եթե անգամ օրենքի ապաքրեականացում է լինում, դա լրագրողների պաշտպանության երաշխիք չի դառնում, քանի որ հաճախ հնարավոր է օրենքի սուբյեկտիվ մեկնաբանություն:




























