Մեծի տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն Լիբանանում այսօր` դեկտեմբերի 5-ին հանդիպել է Ֆրանսիայի վարչապետի ներկայացուցիչ Ադրիեն Կութեյրոնի հետ, որի ընթացքում իր վրդովմունքն է հայտնել Ֆրանսիայի ԱԳ նախարարի կողմից Թուրքիայում արված հայտարարության կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասել էր, որ «Ֆրանսիան պատրաստ է հայերից ու թուրքերից բաղկացած հանձնախումբ հյուրընկալել` քննելու համար 1915-ի ցավալի դեպքերը»:

Վեհափառը վարչապետի ներկայացուցչին հստակորեն հայտնել է, թե նախարարի այս հայտարարությունը մեծ վրդովմունք է հարուցել մեր ժողովրդի մոտ: «Ինչպե՞ս է լինում, որ Ֆրանսիայի խորհրդարանը եւ վերջին երեք նախագահները պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, երբ Ֆրանսիայի նախագահը վերջերս Հայաստանում իր զորակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության գծով, նույն երկրի նախարարը լրիվ հակառակ հայտարարություն է անում Թուրքիայում»,-ասել է Արամ Ա. կաթողիկոսը:

Ֆրանսիայի վարչապետի ներկայացուցիչը պատասխանելով կաթողիկոսին, հիշեցրել է, որ ինքը սպասում էր, այս հարցը կարծարծվի այստեղ: Նա իր ամբողջական համակրանքն է արտահայտել հայ ժողովրդին նկատմամբ, նշելով, թե ճիշտ է, Ֆրանսիան ցեղասպանությունն ընդունել է, սակայն մյուս կողմից չեն կարող անտեսել Թուրքիայի դերը տարածաշրջանում եւ այդ երկրի հարաբերությունը Եվրոպայի հետ:

Հանդիպումից հետո, Ադրիեն Կութեյրոնն այցելել է Նահատակների հուշարձան եւ իր հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության զոհ 1,5 միլիոն հայ նահատաներին: