Շենգավիթ վարչական շրջանի նոր ղեկավար է նշանակվելու Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Արմեն Սարգսյանը: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան հրամանը կստորագրի վաղը` դեկտեմբերի 6-ին: Նույն օրն էլ կայանալու է վարչական շրջանի ղեկավարի ներկայացումն իր աշխատակազմին:
49-ամյա Արմեն Սարգսյանը վարչության պետի պաշտոնը զբաղեցնում է 2009թ. օգոստոսի 24-ից: Մինչ այդ աշխատել է Շենգավիթի թաղապետարանում որպես ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ, Երեւանի «Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Շենգավիթի մասնաճյուղում որպես փոխտնօրեն, Շենգավիթի թաղապետարանում` որպես ոչ բնակելի տարածքների շահագործման բաժնի պետի տեղակալ, ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի «Հայէքսպերտիզա» ընկերությունում որպես փոխտնօրեն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Երեւանի Շենգավիթի վարչական շրջանի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը («Կադիլակ Սերոժ») իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր: Տեղեկությունը հաստատել էր նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:




























