Հակառակ կառավարող մեծամասնության կամքի եւ ցանկության՝ Ազգային ժողովում օրենքի ուժով կստեղծվի ղարաբաղցի փախստականների սոցիալ-տնտեսական իրավունքների ուսումնասիրման եւ իրականացման քննչական հանձնաժողով։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ հոկտեմբերի 3-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Հանձնաժողովը, նրա խոսքով, կգործի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի նախագահությամբ եւ խորհրդարանական խմբակցության համակողմանի աջակցությամբ։ «Այնպես որ, կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին անպայման ներգրավվել նրա աշխատանքին։ Նաեւ համագործակցության կոչ ենք անում կառավարության մեր գործընկերներին»,- ավելացրել է Մինասյանը։