Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունները համատեղ ջանքերով կանխել են ռուս դիվանագետի դեմ ԱՄՆ «սադրիչ սպառնալիքը»։ ըստ «Коммерсантъ»-ի՝ նա այլ մանրամասներ չի հայտնել։

Սերգեյ Նարիշկինը հոկտեմբերի 2-ից պաշտոնական այցով Բաքվում է։ Այնտեղ նա հանդիպում է ունեցել երկրի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի արտաքին հետախուզության և պետական ​​անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ։

Լրագրողների հետ զրույցում նա պատմել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի գերատեսչությունները պետք է աշխատեն միասին, այդ թվում՝ հակազդելու համար «ոչ կառավարական կազմակերպություններին», որոնք «փորձում են ազդել» երկու երկրների ներքին քաղաքականության վրա։

«Որպես օրինակ կարող եմ ասել, որ վերջերս Ադրբեջանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների համատեղ ջանքերով հնարավոր եղավ կանխել ռուս դիվանագետներից մեկի նկատմամբ ամերիկացիների սադրիչ սպառնալիքը»,-հայտարարել է Նարիշկինը։

Նա նշել է, որ վերջին շրջանում  «արտերկրում գտնվող Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացիներին և գերատեսչություններին առնչվող «դիվերսիոն գործողություններն ավելացել են»։