Այսօր՝ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12։15-ի սահմաններում  ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 43/1 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը:

Կայքի տեղեկություններով, պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Տարոն Ֆարմանյանին պատկանող թիվ 13 բնակարանի ննջասենյակում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։  Մասամբ այրվել է ննջասենյակի և հյուրասենյակի գույքը և պատուհանը։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում են դեպքի հանգամանքները։